Թուրքիան բարձրացնում է ձայնը Հռոմի պապի հայտարարությունից հետո, որը հրապարակայնորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դիտարկել է «France 24» հեռուստաալիքը՝ մեկնաբանելով ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապի խոսքերը: «Պապի հայտարարությունը մեծացնում է Անկարայի կողմից ճնշումը, բայց կարող է առավել բարդացնել Թուրքիայի հետ նրա հարաբերությունները»,- նշել է հեռուստաալիքը: Ստամբուլում «France 24»-ի թղթակից Ֆաթմա Կիզիլբոգան, վկայակոչելով թուրքական իշխանությունների փաստարկները, նշել է, որ Թուրքիայի կառավարությունն «անակնկալի է եկել, որ պապը միայն հայերի օգտին դիրքորոշում է ներկայացրել՝ ոչ մի խոսք չասելով մահմեդականների և կրոնական այլ փոքրամասնությունների մասին, որոնք նույնպես այդ ժամանակաշրջանում զոհվել են»: «Թուրքերը, կարծես, դեռևս պատրաստ չեն ընդունել իրենց անցյալի այդ մութ էջերը»,- նշել է Ֆաթմա Կիզիլբոգան: Սակայն վերաբերմունքը սկսում է փոխվել: «France 24»-ի թղթակիցը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման, որն անցկացնում են «այդ ցեղասպանության ճանաչման օգտին հանդես եկող թուրքերը»: Նրա կարծիքով, Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչումը հնարավոր է, գուցե ևս մի քանի տարի պահանջվի: